Ռուբեն Աղաբեկի Պողոսյանը ծնվել է 2003թ. հունիսի 5-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: 2009թ. ընդունվել և 2018թ.-ին ավարտել է Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Մայրը եղել է դասվարը:
2018թ. ընդունվել է Երևանի Հենակետային Բժշկական Քոլեջը «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ: 2021թ. բարձր առաջադիմությամբ ավարտել է բժշկական քոլեջը:
Մեծ սիրով և ոգևորությամբ է սովորել Երևանի հենակետային բժշկական քոլեջում: Աչքի է ընկել իր գաղափարներով, սովորելով, տեսակետով և առաջարկներով: Քոլեջում իր շատ սիրելի դասախոսը՝ Արթուր Բարսեղյանը նրան տվել է ‹‹Չերչիլ›› անունը:
2021թ. հուլիսի 20-ին իր իսկ գրած դիմումի համաձայն զորակոչվել է ՀՀ հայկական բանակ:
Իր դիմումի համաձայն, քանի որ վիրահատված էր և ենթակա չէր ծառայության:
Զինվորական ծառայության է անցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի N25.836 զորամասում: Ծառայության ընթացքում եռամսյա ժամկետով վերապատաստվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ ստանալով սանհրահանգչի, բուժակի որակավորում:
Ծառայության ընթացքում պահպանել է Վերին Շորժայի 115-116 մարտական դիրքերը:
2022թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման պատճառով կրտսեր սերժանտ, բուժակ Ռուբեն Պողոսյանը ոտքերի շրջանում խորը հրազենային վիրավորում է ստացել: Ինքն իրեն ցավազրկելուց և վիրակապելուց հետո հերոսաբար մինչև իր կյանքի վերջին վայրկյանը՝ աղոթքը շուրթերին, օգնել է վիրավոր զինակից ընկերներին:
Դաժան ու սարսափելի ժամեր են եղել: Չորս կողմից տղաների գոչյուններն ու կանչերն են եղել: Ռուբենը չէր կարող իջնել, քանի որ թե՛ մեռնողները, թե՛ վիրավորները «Ռուբ» են կանչել: Այդ սահմռկեցուցիչ րոպեների ընթացքում հասցրել է կարել մեռնող, արնաքամ լինող ընկերոջ գլուխը, որը մինչ օրս ողջ է:
Տղաները պատմում են, որ Ռուբենը ռազմի դաշտում ինքնամոռաց, առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, առանց զենքի այս ու այն կողմ էր վազում․ միայն թե կարողանար կյանքեր փրկել:
Ողջ գիշեր չի պատասխանել ծնողների զանգերին: Առավոտյան 07:35-ին պատասխանել է սիրելի ընկերոջը՝ Հովոյին և ասել, որ երկու ոտքից վիրավոր է:
Հովոն չի հավատացել:
Երկու բերան խոսելուց հետո Ռուբենը հավատացրել է, որ լուրջ է ասում և խնդրել է միայն աղոթել:
07:45-ին զանգել է հայրիկին և ասել.
-Պապ̃ ջան, վիրավոր եմ ոտքերից: Շրջափակման մեջ ենք: Պապ̃․․․ պապ ջան, ձեզ շատ եմ սիրում: Թուրքերը մոտենում են:
07:55-ին զանգել է մայրիկին.
-Մա՜մ, մա՜մ, մա՜մ ջան, լավա լինելու: Մա՜մ, մենակ աղոթի, լսում ես, աղոթի: Դրանք մոտենում են:
Ծնողների վերջին հույսը Ռուբենին գերիների մեջ գտնելն էր: Բայց ավաղ, հավերժի ճամփորդը՝ զինվորական համազգեստով, գնաց հավիտենական կյանքը ժառանգելու։
Զորամասում մեծ հարգանքով էին դիմում. չարենցավանցի բժիշկը, կյաժ բուժակը, կապույտ աչքերով բուժակը կամ կյաժ Ռուբոն: Վայելում էր անխտիր բոլորի սերն ու հարգանքը, որի համար հաճախ շնորհակալություն էր հայտնում ծնողներին:
28.03.2023թ պարգևատրվել է ‹‹Մարտական ծառայություն›› մեդալով։
Ռուբենը ունի ավագ զույգ քույրեր։ Նրանք ամուսնացած են, ունեն որդիներ։
«Քաջերի երթ»-ի ՖԲ էջից